ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Մովսես Հակոբյան. «Հակամարտության գոտում խաղաղարար ուժերի անհրաժեշտությունը չկա»

Մովսես Հակոբյան. «Հակամարտության գոտում խաղաղարար ուժերի անհրաժեշտությունը չկա»
09.11.2014 | 19:42

ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մոսկովյան «Նոյան տապան» թերթին հարցազրույց է տվել:
– Պարոն նախարար, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի ունեցած հնչեղ իրադարձությունները կրկին ցուցադրեցին ԼՂՀ պաշտպանության բանակի բարձր մարտական պատրաստության աստիճանը: Ղարաբաղյան բանակը հակառակորդին ևս մեկ անգամ ապացուցեց, որ ուժի միջոցով հարցի լուծումը ապագա չունի: Դրանից հետո փոխվե՞լ է իրավիճակն առաջին գծում: Նվազե՞լ են հրադադարի խախտման դեպքերը:
- Իրականում այս տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած զարգացումները, որոնք բացառապես պայմանավորված էին ադրբեջանական կողմի նախաձեռնած սադրիչ գործողություններով, հերթական անգամ ցույց տվեցին, որ ինչքան էլ պաշտոնական Բաքուն բարձրագոչի իր ռազմական հնարավորությունների մասին, այնուամենայնիվ հիմնախնդրի լուծման ուժային ճանապարհը հեռանկար չունի կամ անգամ, եթե ունի, ոչ իր օգտին: Ինչ վերաբերում է այդ իրադարձություններից հետո առաջին գծում ստեղծված իրավիճակին, լարվածությունը բավականին նվազել է, կրճատվել են նաև հրադադարի խախտման դեպքերը:
-Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված առաջնագծում աննախադեպ լարվածությունն այս տարի, որը հրադադարի հաստատման 20-ամյակն էր:
-Ոչ միայն այս տարի, այլև ընդհանրապես առաջին գծում պարբերաբար ստեղծելով լարվածություն, Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ըստ իս, հիմնականում հետապնդում է հետևյալ նպատակները, նախ` միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ պատերազմը դեռևս ավարտված չէ և իր «կորցրածի» համար շարունակում է մնալ պահանջատեր, երկրորդ` պատերազմի անավարտության քողի տակ ապահովել ներքին քաղաքական հնազանդություն, և երրորդ` տարբեր նախահարձակ գործողություններով ստուգել ինչպես իր զորքերի պատրաստականությունը, այնպես էլ մեր բանակի պաշտպանունակության մակարդակը: Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի Ադրբեջանի կողմից առաջին գծում ռազմական ակտիվությունը հիմնականում պետք է դիտարկել նշված երեք ուղղությունների համատեքստում:
- Հակառակորդի հետ շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվո՞ւմ է օժանդակություն:
- Հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտիրոսված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք օժանդակություն է ստանում օրենքով սահմանված կարգով: Պետությունն իր հնարավորության սահմանում ձգտում է գնահատել իր զինվորի կատարածը, ինչը դրսևորվում է նյութական ու բարոյական աջակցության տեսքով:
-Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեցտարի աճում է, ադրբեջանական բանակը համալրվում է արդիական զենքի բոլոր հնարավոր տեսակներով: Հասկանալի է, որ այս կոնտեքստում դժվար է մրցակցել հակառակորդի հետ: Ի՞նչ է Ադրբեջանին հակադրում ղարաբաղյան կողմը՝ փորձելով պահպանել տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը: Ի՞նչ է անհրաժեշտ ժամանակակից պատերազմում հաջողության համար:
- Ես ասել եմ ու շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ռազմական բյուջեի ծավալային աճը դեռևս չի նշանակում ուժերի հավասարակշռության խախտում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նախատեսված ծախսային հատկացումները Բաքուն նպատակաուղղում է այն միջոցների ձեռքբերմանը, որոնց համարժեքն արդեն կա մեր զինանոցում: Ի տարբերություն Ադրբեջանի, որն իր քարոզչական խողովակով անընդհատ փորձում է ցանկալին ներկայացնել իրական, մենք հակառակը` հանգիստ և առանց աղմուկի, շարունակում ենք հարստացնել և կատարելագործել մեր ձեռքի տակ եղած իրականը: Իսկ սա հզորանալու ամենաարդյունավետ ճանապարհն է, որը տանում է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:
-Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը:
- Ես համոզված եմ, որ հակամարտության գոտում խաղաղարար ուժերի անհրաժեշտություն չկա: Արդեն քսան տարուց ավելի է, ինչ այդ կարևոր առաքելությունը լավագույնս իրականացնում է Արցախի պաշտպանության բանակը:
- Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան տեսնում եմ լուսավոր ու պաշտպանված: Իմ լավատեսության համար հիմքը մեր անկախ պետականության անցած 23-ամյա բեղուն ճանապարհն ու այդ ընթացքում նշանակալի ձեռքբերումներն են: Մենք ունենք կայացած ու պաշտպանված պետություն և, որ շատ կարևոր է, եղածը զարգացնելու վճռականություն: Այնպես որ, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես մեր ժողովուրդն է ցանկանում:

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ